ԶԼՄ-ները հայտնել են Չինաստան Կիմ Չեն Ընի գաղտնի այցի մասին
Հյուսիսկորեացի բարձրաստիճան մի պաշտոնյա մայիսի 7-ին այցելել է չինական Դալյան քաղաք: Այդ մասին gazeta.ru-ի հաղորդմամբ հայտնել են Yonhap և Kyodo գործակալությունները:
Աղբյուրների տվյալներով՝ այդ պաշտոնյան կարող էր լինել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը, հնարավոր է, հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ, ինչպես նաև մասնակցել է ամբողջովին չինական առաջին ավիակրի գործարկմանը:
Ինչպես նշվում է՝ այցի ընթացքում քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ օդանավակայանում դադարեցվել են կանոնավոր չվերթները: Քաղաքի կենտրոնում ամեն մի քանի մետրը մեկ ոստիկաններ են կանգնած եղել: Փակվել է փողոցը, որը ենթադրաբար տանում է այն վայրի մոտ, որտեղ մնացել է բարձրաստիճան հյուրը:
Այցի մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:
Մարտին Կիմ Չեն Ընն այցելել էր Չինաստան իր կնոջ հետ, որպեսզի անձամբ շնորհավորի Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին վերընտրվելու կապակցությամբ և քննարկի Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: