Forbes-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 2018 թվականի վարկանշային աղյուսակը:
Այն առաջին անգամ գլխավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Իր ընտրությունն ամսագիրը մեկնաբանում է այն հանգամանքով, որ այս տարի Համաչինական ժողովի նիստում սահմանադրական փոփոխություններ են կիրառվել, որոնք թույլ են տալիս երկրի ղեկավարին իշխել անսահմանափակ ժամկետով:
Forbes-ն ընդգծում է, որ «Սի Ցզինպինի անձի պաշտամունքը ներկայում համեմատելի է միայն Մաո Ցզեդունի պաշտամունքի հետ»:
Երկրորդ տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն, ինչպես հիշեցնում է ամսագիրը, ռեկորդային անգամ՝ 4 տարի անընդմեջ, գլխավորել էր այս ցանկը:
Երրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ամսագրի ընդգծմամբ, դժվարությամբ է անցկացնում իր նախաձեռնությունները Կոնգրեսում և գտնվում է միաժամանակ մի քանի հետաքննությունների կենտրոնում:
Նրանց հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին ամսագիրը բնութագրում է որպես «Եվրոպայի փաստացի առաջնորդ»:
Ցանկում, ընդհանուր առմամբ, 75 մարդ է ընդգրկվել: Այն ամբողջությամբ կհրապարակվի մայիսի 31-ին: