Կանադացի պատգամավորներն ընդգծել են Արցախի բնակչության խաղաղության ձգտումն ու կոչ արել կառավարությանն աջակցել նրանց ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը
Կանադայի պահպանողական կուսկացության անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Հարոլդ Ալբրեխտը մայիսի 24-ին Համայնքների պալատում ելույթ ունենալիս ուշադրություն է հրավիրել Արցախում տիրող իրավիճակին՝ կոչ անելով իր երկրի կառավարությանն աջակցել արցախցիներին ինքնորշման իրավունքի պաշտպանության հարցում:
«Մինչ մենք նշում ենք Հայաստանի կատարած նշանակալի քայլերը, Արցախի տարածաշրջանում տիրող հակամարտության շուրջ մտահոգությունները շարունակում են արդիական լինել: Արցախի բնակչության 80 տոկոսից ավելին կողմ է քվեարկել անկախության հանրաքվեում: Ցավոք, Ադրբեջանն անտեսել է հանրաքվեի արդյունքներն ու ագրեսիվորեն է արձագանքել: Հակամարտության հետևանքով տասնյակ հազարավոր զոհեր են գրանցվել, հարյուր հազարավորներն էլ փախստական են դարձել», - Horizon Weekly-ի փոխանցմամբ՝ իր ելույթում նշել է կանադացի պատգամավորը:
Նա մատնացույց է արել 2016-ի ապրիլին, ինչպես նաև ամեն օր կրկնվող հրադադարի խախտումները Բաքվի կողմից, որոնց հետևանքով անմեղ հայ զինծառայողներ են զոհվում:
Եզրափակելով ելույթը՝ կանադացին հզոր ուղերձ է հղել՝ կոչ անելով Կանադայի կառավարությանը «կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին իրենց ինքնիշխանության իրավունքի պահպանման հարցում, ինչպես նաև սերտորեն համագործակցել միջազգային հանրության հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ելույթով մայիսի 23-ին հանդես է եկել նաև պատգամավոր Դոն Դևիսը:
Իր ելույթում պատգամավորն իր գործընկերներին հիշեցրել է իրենց ինքնորոշման իրավունքի համար պայքարող արցախցիների՝ 1991-ին իրականացրած անկախության հանրաքվեի մասին և մատնանշել Արցախի բնակչության՝ խաղաղություն հաստատելու ձգտումը: