Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը հաջող է անցնելու
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների միջև Սինգապուրում կայանալիք հանդիպումը հաջող է անցնելու:
«Հույս ունեմ, որ դա շատ հաջողակ գագաթնաժողով է լինելու, որ այնտեղ առաջընթաց կգրանցվի մեզ անհանգստացնող խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերում, այդ թվում և միջուկային և հրթիռային ծրագրերի և ճապոնացի քաղաքացիների առևանգման հարցում», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ճապոնացի վարչապետն ասել է Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման մեկնարկից առաջ:
Նրա խոսքով՝ Տոկիոն և Վաշինգտոնը սերտ համագործակցություն են ծավալում Փհենյանի նկատմամբ քաղաքական մոտեցումների մշակման գործում:
Հիշեցնենք, որ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկար սպասված պատմական գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում: