«Արի տուն» և «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերը կմիավորվեն և կիրականացվեն ամռանը. նախարարը կոչ է անում ընդունել սփյուռքահայ երեխաներին (տեսանյութ)
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Արի տուն» «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերի հետաձգմանը, որոնք հետաձգվել էին հնարավոր կոռուպցիոն ռիսկերի պատճառով:
«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կմիավորվեն և կիրականացվեն ամռանը: Ծրագիրը լինելու է քսանօրյա, նախնական տվյալներով՝ դրանք կմեկնարկեն օգոստոսի 10-ից»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:
Անդրադառնալով այն սփյուռքահայերին, որոնք արդեն գնել էին տոմսերը՝ հուլիսին Հայաստան գալու համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նրանց մեծ մասը կարողացել են փոխել տոմսերն ու կգան օգոստոսի 10-ին:
«Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել ավիատոմսերը հետ վերադարձնել, մոտ 150 հոգի, նրանք միանշանակ կվայելեն մեր նախարարության աջակցությունը, նախատեսված ծրագիրը, որը լինելու է համեմատաբար ոչ հագեցած, անցումային, կոմպրոմիսային ծրագիր, իրականանալու է»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ այդպիսով նախարարությունը կկարողանա շրջանցել կոռուպցիոն ռիսկերը, իսկ օգոստոսին կայանալիք ծրագրի համար նոր մրցույթ է հայտարարվելու:
«Բազմաթիվ ընկերություններ կկարողանան մասնակցել դրանց և ամենահարմար գինն ու պայմաններն առաջարկող ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել և իրականացնել»,-ասաց նա:
Հայրապետյանը դիմեց նաև ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել և 2 շաբաթով հյուրընկալել սփյուռքահայ երեխաներին:
«Ովքեր պատրաստ են 2 շաբաթով մեր սփյուռքահայ երեխաներին ընդունել իրենց տանը այդպիսով աջակցել նաև պետությանը և հոգատարության վերաբերմունքը ցուցաբերել սփյուռքից ժամանող երեխաներին»,-ասաց նախարարը՝ խոստանալով առաջիկա օրերին մանրամասներ ներկայացնել: