Լիբանանը սառեցրել է ՄԱԿ-ի աշխատակիցների կեցության իրավունքի դիմումները սիրիացի փախստականների շուրջ վեճի պատճառով
Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը հրահանգել է սառեցնել ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալության աշխատակիցների կեցության իրավունքի դիմումները՝ մեղադրելով գործակալությանը «վախ տարածելով» սիրիացի փախստականների վերադարձին խոչընդոտելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչությանը:
Լիբանանում այժմ գտնվում է ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդը: Լիբանանում նշում են, որ փախստականների ներկայությունը բարդություններ է ստեղծել հանրային ծառայությունների համար և խոչընդոտել է երկրի տնտեսական աճին:
Սիրիական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից երկրի տարածքների ազատագրման հետ մեկտեղ Լիբանանի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս կոչ են արել փախստականներին վերադառնալ «անվտանգ գոտիներ»:
Բասիլի խոսքերով՝ գործակալությունը սահմանային Արսալ քաղաքի փախստականներին հետ է պահել Սիրիա վերադառնալուց՝ նրանց հարցեր տալով Սիրիայում նրանց սպասվող պայմանների, այդ թվում՝ զորակոչի, անվտանգության հետ կապված խնդիրների և վատ կենսապայմանների մասին: