Լոնդոնը կսառեցնի «Գազպրոմի» ակտիվներն ուկրաինական կողմի պահանջով
Լոնդոնի առևտրային հարցերով դատարանը թույլատրել է սառեցնել «Գազպրոմ» ընկերության ակտիվները Մեծ Բրիտանիայի տարածքում ուկրաինական «Նավթոգազի» միջնորդության համաձայն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական ընկերությանը:
Ինչպես նշվում է, դա անհրաժեշտ է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի՝ 2.6 մլրդ դոլար վճարելու մասին որոշման ապահովման համար:
Դատավճռի համաձայն՝ որոշման ընդունումից հետո 48 ժամվա ընթացքում «Գազպրոմը» պարտավորվում է ուկրաինական ընկերությանը տրամադրել Անգլիայում և Ուելսում ավելի քան 50 000 դոլար արժողությամբ իր ողջ ունեցվածքի ցանկը:
«Նավթոգազը» զգուշացրել է ռուսական կոնցեռնի հետ համագործակցող 17 բանկի լոնդոնյան մասնաճյուղերին առ այն, որ նրանք չեն կարող նպաստել «Գազպրոմի» ակտիվների կրճատմանը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին ուկրաինական ընկերությունը պահանջել էր կալանքի տակ առնել ռուսական ընկերության ակտիվներն իր օգտին: Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել, որ ռուսական կողմը պետք է 2.56 մլրդ դոլար վճարի «Նավթոգազին», իսկ ուշացման յուրաքանչյուր օրը կես մլն դոլար կարժենա ռուսական ընկերությանը: