Սարգսյան-Փաշինյան հնարավոր մրցակցությունը լրացուցիչ ճկունություն կտա արտաքին քաղաքականությանը. Արա Նեդոլյան
Իշխանության թևերի միջև տարաձայնությունների հնարավոր առկայությունը վատ բան չէ, դա կլինի բնական մրցակցություն իշխանության տարբեր կողմերի միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե կոնֆլիկտ է հասունանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Արա Նեդոյանը համաձայն է Արմեն Սարգսյանի այն դիրքորոշման հետ, թե իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի միջև:
«Դա գոնե մտահոգիչ չէ, իսկ եթե լինեն ճգնաժամեր, ուրեմն շատ լավ, կառաջանան ճգնաժամ լուծելու մեխանիզմներ, և դա լրացուցիչ ճկունություն կտա՝ արտաքին ուժերի հետ հարաբերակցելու համար»,-շեշտեց նա:
Անդրառնալով դիտարկմանը, թե մամուլում կան տեղեկություններ, որ խնդիրը հատկապես արտասահմանյան այցերի հետ է կապված, հիմա էլ նախատեսվում է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու՝ Արա Նեդոլյանն ասաց, որ կարծում է՝ հետագայում ամեն ինչ կկարգավորվի:
«Ինձ թվում է՝ նպատակահարմար չէ, որպեսզի վարչապետը տարբեր միջոցառումներին մասնակցի այս ժամանակահատվածում, նրա պատասխանտվությունը, զբաղվածությունը շատ մեծ է, պետք է այս հարցում լինի հայեցողական մոտեցում»,-ասաց հրապարակախոսը:
Հարցին՝ արդյոք Սահմանադրության հետ կապված՝ խնդիր չէ նաև այն, որ հստակեցված չեն արտաքին քաղաքականության հետ կապված նախագահի և վարչապետի լիազորությունները, Արա Նեդոլյանն ասաց, որ կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել հայեցակարգ ընդունելու միջոցով:
«Նաև չեմ բացառում, որ դա տեղի ունենա ինչ-որ կոնֆլիկտի և դրա հանգուցալուծման միջոցով: Իշխանության տարբեր թևերի միջև, իհարկե, հարցեր լինելու են, բայց հետաքրքիր է, թե նման փոքր ճգնաժամն ինչ կերպ է լուծվելու, ցանակալի է, որ լինի ընդհանուր հայեցկարգ»,-նշեց նա: