Կառավարությունը կսխալվի, եթե տուրք տա հասարակության ստվար զանգվածի «արյան ծարավին», վենդետաներ իրականացնելու ցանկությանը. վերլուծաբան (տեսանյութ)
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են օրենքի շրջանակներում, քանի որ իշխանությունները հասկանում են, որ իրավապահ մարմիները չպետք է մահակ դառնան, եթե այդպես արվի հետագայում, ապա շատ մեծ կլինի գայթակղությունը հետագայում այդ մահակը կիրառել քաղաքական հակառակորդների, այլախոհների նկատմամբ, ինչը ծանր հարված կհասցնի մեր պետականությանը:
Արմեն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը Սաակաշվիլիի ճանապարհով չի գնում, դատական լծակը որպես ճնշման միջոց չի գործադրում: Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ հետագայում փիառի համար իշխանությունները չտրվեն հասարակական այն զանգվածի տրամադրություններին, որոնք վենդետաներ իրականացնելու են սպասում:
«Բոլոր հեղափոխություններից հետո հասարակության մի ստվար զանգվածի մոտ «արյան ծարավ» է առաջանում: Հայաստանում էլ դա ակնհայտ է, որովհետև իսկապես տարիներ շարունակ իշխանությունները կառուցվածքային առումով զբաղված են եղել պետության թալանով, հարյուր հազարավոր մարդիկ ընչազուրկ են դարձել և հիմա վրեժ լուծելու ցանկություն ունեն: Կառավարությունը շատ սխալ կլինի, եթե թեկուզ փիառի համար տուրք տա հասարակության արյան ծարավին և վենդետաներ իրականացնի, պետք է անել այն, ինչ սահմանված է օրենքով. ոչ մի քայլ աջ, ոչ մի քայլ ձախ: Դա է բուժման ձևը, եթե մենք այդպես պետք է չանենք, պետք է դարձյալ օրենքը ծառայեցնենք անձնական կամ քաղաքական շահերին, ապա ի՞նչ իմաստ ուներ այս հեղափոխությունը»,- շեշտեց նա:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանում այս պահին լյուստրացիոն գործընթացներ չկան, այդպիսի գործընթացները պետության շահերից չեն բխում, ինչը գիտակցում են իշխանությունները:
Մանրամասները` տեսանյութում։