ԵՄ պաշտոնյայի ասածին, թե ՀՀ-ին տրամադրվող աջակցությունն ավելացել է 10 մլն եվրոյով, պատասխանեցի՝ մի քանի քրեական գործով արդեն 42 մլն դոլար ենք գեներացրել. Ն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է երեկվա բրիֆինգի ընթացքում ԵՄ-ի կողմից ՀՀ-ի ֆինանսավորման ավելացման մասին հնչեցրած միտքը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի:
Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:
ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք:
Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:
Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:
Հիշեցնենք, որ Բրյուսելից վերադառնալուց առաջ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր. «Ըստ էության, մեր հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Եվ ես հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել:
Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ մենք որևէ տեղ չենք գնում հայցորդի կարգավիճակով:
«Մենք շատ վստահ ենք մեզ զգում մեր հարաբերություններում: Ուզում ենք ասել, որ մենք մեր անելիքները գիտենք: Ուրիշները թող իրենց անելիքները ճշտեն»,– նշել է Փաշինյանը։