Նիկարագուայում համազգային գործադուլ է իրականացվում
Նիկարագուայում ուրբաթ համազգային գործադուլ է անցկացվում՝ ի նշան երկրի կառավարության գործողությունների դեմ բողոքի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, սա արդեն երկրորդ նմանօրինակ ակցիան է վերջին երեք ամսում: Չի աշխատում խանութների մեծամասնությունը, հասարակական տրանսպորտը, փակ են բազմաթիվ ձեռնարկություններ, քաղաքների փողոցները դատարկ են:
Նշվում է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհուրդն ուրբաթ քննարկելու է հարավամերիկյան երկրում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Նիկարագուայում ապրիլի 18-ից բողոքի ցույցեր են իրականացվում իշխանությունների առաջարկած բարեփոխումների ֆոնին, որոնք ենթադրում են գործատուների և աշխատավորների աշխատավարձերից պահումներ կատարել սոցապահովագրական ֆոնդերի հաշվին:
Նիկարագուայում ցույցերի ընթացքում զոհված քաղաքացիների թիվը հասել է 351-ի: