Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևմտյան Բուրդուրի նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի Յեշիլովա շրջանի Քավաք գյուղում։
Ըստ թուրքական Բողազըջըի համալսարանի Երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից արտակարգ իրավիճակների ծառայության համաձայն էլ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ, իսկ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհեր կամ տուժածներ չեն գրանցվել, ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Աղբյուրը նշում է, որ ստորգետնյա ցնցումները մեծ իրարանցում են առաջացրել տեղի բնակչության շրջանում։