New York Daily News-ը կրճատում է աշխատակիցների կեսին
Հրատարակչական Tronc ընկերությունը, որին պատկանում է New York Daily News պարբերականը, որոշում է կայացրել խմբագրության անձնակազմը 50 տոկոսով կրճատելու մասին:
Ինչպես հայտնում է Коммерсант-ը, երկուշաբթի թերթի աշխատակիցները էլեկտրոնային նամակ են ստացել Tronc-ից այն մասին, որ Daily News-ը «հիմնովին վերակառուցվելու է»:
«Մենք կրճատում ենք խմբագրական թիմի կազմը մոտ 50 տոկոսով և պատրաստվում ենք ուշադրությունը կենտրոնացնել հրատապ լուրերի վրա, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանցավորությունը, քաղաքացիական դատավարությունը և հանրային պատասխանատվությունը», - ասվում է նամակում:
Նամակում նշվում է, որ կրճատման ենթակա աշխատակցներն անհապաղ պետք է դադարեցնեն գործունեությունը, միևնույն ժամանակ նրանց կվճարվի հաջորդ երեք ամսվա աշխատավարձը: Ազատված աշխատակիցների թվում է New York Daily News-ի գլխավոր խմբագիր Ջիմ Ռիչը և խմբագիր Քրիստեն Լին:
Tronc-ը, որը հանդիսանում է Chicago Tribune և Los Angeles Times թերթերի սեփականատերը, New York Daily News-ը գնել է անցյալ տարվա սեպտեմբերին 1 դոլարով: Նոյեմբերին թերթի աշխատակազմն արդեն կրճատվել է՝ հասնելով 85 մարդու: