Սեուլն ու Փհենյանը սկսում են բանակցությունները՝ երկրների առաջնորդների երրորդ հանդիպման կազմակերպման շուրջ
Երկուշաբթի՝ օգոստոսի 13-ին Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի պտվիրակությունները կսկսեն բանակցություններ՝ երկու երկրների առաջնորդների նոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Բանակցությունների ժամանակ կհամաձայնեցվեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպման վայրն ու ժամանակը: Նշվում է, որ նախկինում որոշվել էր հանդիպումն անցկացնել ընթացիկ տարվա աշնանը Փհենյանում, սակայն այժմ այս ծրագրերում կարող են փոփոխություններ արվել:
Կողմերը նաև կքննարկեն նախորդ հանդիպման արդյունքներով մշակված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հաղորդվում է, որ հանդիպման կազմակերպման շուրջ տարվող բանակցությունները կանցկացվեն ապառազմականացված գոտում՝ Փհանմունջոմ բնակավայրում: