Եկամտահարկի իջեցում ենք նախատեսում, կունենանք լուրջ փոփոխություններ նաև փոքր բիզնեսի համար. Ն. Փաշինյան
Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքացին լինի աղքատ, որպեսզի շահագրգռված լինի՝ ընտրակաշառք ստանա, որ նաև աղքատության նպաստից չցանկանա զրկվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա, իհարկե, քաղաքական պատճառներով է եղել, սրա համար են մենաշնորհներ ստեղծվել, և մենք այսօր ասում ենք, որ պետք չէ աղքատությունը խրախուսել, որ մարդն ասի, որ այո, ես այսօր կարող եմ այդ նպաստը չստանալ, որ մարդն իր աշխատանքով ստեղծի արդյունքը»,-մանրամասնել է Ն. Փաշինյանը:
Նա հայտարարել է՝ կառավարությունը չի վարելու աղքատության խթանման քաղաքականություն: «Հիմա ՀՀ-ում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եկեք մեր մտածողությունը փոխենք, փոխենք այս մտածելակերպը՝ «ոնց անենք, որ աղքատության նպաստ ստանանք», այլ հակառակը՝ այնպես անենք, որ աղքատության նպաստ չստանանք, որպեսզի մտածենք, որովհետև դա չի կարող ապահովել իմ ապրուստը, իմ աշխատանքը պիտի դա ապահովի»,-նշել է վարչապետը:
Վերջինս նաև հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է իջեցնել եկամտահարկը, եկամտահարկի իջեցում է նախատեսվում ու լրջագույն փոփոխություն պետական գնումների ու հարկային օրենսգրքերում:
«Դանդաղաշարժ է մեր պետական կառավարման համակարգը, երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ»,-ասել է նա, ապա շարունակել. «Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ ի աջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»:
Ըստ վարչապետի՝ կարելի է գիտակցել, որ նոր Հայաստանում հաջողությունը ոչ թե ծանոթ ունենալն է, այլ կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունենալը: «Այսօր ՀՀ-ում նա, ով ցանկանում է հաջողություն ունենալ, պետք է ոչ թե ծանոթներ գտնի, այլ փնտրի, թե ինչ կարողություններ, մասնագիտական բարձր մակարդակ ունի»,-ասել է նա, ապա ընդգծել. «Աշխատում ենք օրինական դաշտում ու ազնիվ»: