Ամերիկացին առանց ցավի կարողանում է 180 աստիճանով պտտել ոտքերը և հետընթաց քայլել (տեսանյութ)
ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմը հայտնի է դարձել «Պարոն պլաստիկ» անունով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, այդ մականունն ամերիկացին ստացել է արտասովոր ունակության շնորհիվ. նա կարողանում է պտտել ծնկները 180 աստիճանով և քայլել հետընթաց:
Իր գերմարդկային ունակությունն ամերիկացին հայտնաբերել է 14 տարեկանում: Ֆիզպատրաստության դասի ժամանակ վերջինս պարանով մագլցելիս այն ձեռքից բաց էր թողել և անհաջող ընկել: Միջադեպի ժամանակ էլ հասկացել էր, որ հեշտությամբ և առանց որևէ ցավի կարող է պտտել ոտքերը ծնկից վար հատվածում:
Բուժզննումը պարզել էր, որ այդ հնարքը նա կարողանում է կատարել գոտկատեղում, ծնկներում և կոճերում առկա կրկնակի աճառային հյուսվածքի շնորհիվ:
Արտասովոր կարողության շնորհիվ Լենհեմը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել, որոնցից մեկը դեռևս իրեն է պատկանում: Նա ներկայում ամենից արագ հետընթաց քայլող մարդն է ողջ աշխարհում: