Եկամտահարկի նվազումը հիմնականում կապված է ստվերի դեմ պայքարի հետ․ տնտեսագետ (տեսանյութ)
Եկամտահարկի նվազումը հիմնականում կապված է ստվերի դեմ պայքարի հետ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկամտահարկի իջեցման հետ կապված առաջարկին։
Խուրշուդյանի կարծիքով՝ եկամտահարկի իջեցման մոտիվն այդքան էլ սոցիալականը չէ, նույնիսկ տնտեսական չէ, այլ ավելի շատ միտված է ստվերի կրճատմանը․ «Ստվերում գտնվող աշխատողները, որպեսզի գան աշխատաշուկա, դրա համար դնենք նման համակարգ ու լուծումներ։ Այս լուծումները տալիս են ստիպված։ Իդեալականը նա է, որ մարդիկ մաքուր աշխատում են, նորմալ աշխատավարձ են ստանում, ընկերությունները ներդրում են անում ու շահույթ են ստանում, իսկ տարբեր հարկային ու կենսաթոշակային, սոցիալական տրանսֆերտների հետ կապված ինստրումենտները պետությունն օգտագործում է կոնկրետ քաղաքականության համար։ Այսինքն, եթե հարկն իջեցնում է, մտածում է, որ տնտեսական աճ լինի, իսկ ՀՀ-ում այդպես չէ։ ՀՀ-ում, երբ մի հարկ իջեցնում ես, մտածում ես, որ այ սրանից հետո կարելի է այլ մի ձևակերպում տալ ու հարկից կրկին խուսափել»,- շարունակեց Աշոտ Խուրշուդյանը։
Ըստ նրա՝ նման գործելաոճը նեղացնում է ֆիսկալ ու սոցիալական քաղաքականության հնարավորությունները։ Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ-ում տնտեսվարողերի վարքագիծը չի հարմարվում հարկերին, այլ հարկերն են հարմարեցնում տնտեսվարողին, այսինքն՝ պետությունն անում է քայլեր, որ հարկերից խուսափելու մեխանիզմներ չորոնի։
«Այս փուլն ինչ-որ կերպ պետք է հաղթահարենք, որից հետո նոր կարող ենք խոսել պրոգրեսիվ հարկի և այլնի մասին»,- ընդգծեց Աշոտ Խուրշուդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։