Առաջարկում եմ վարչական իրավախախտներին տալ որոշակի արտոնություն տուգանքը վճարելու համար. Միհրան Պողոսյան
ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Միհրան Պողոսյանը:
Միհրան Պողոսյանը նշեց, որ ներկայացնելու համար հաշվի են առնվել մի քանի գործոններ, որոնք կապված են վարչական պատասխանատվության ենթարկված անձանց սոցիալական բեռի թեթևացման, վարչական ակտերի արագ ի կատար ածման, վարչական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացման համար:
Միհրան Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկում է վարչական իրավախախտներին տալ որոշակի արտոնություն տուգանքը վճարելու համար, ըստ որի՝ եթե 8 օրում տուգանքը վճարվում է՝ տալ արտոնություն՝ վճարել սահմանված տուգանքի 50 տոկոսի չափով: «Իհարկե, նախագծում սահմանվել են որոշակի բացառություններ»,- ասաց նա:
ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ նախագիծն ընդունելու հիմքում ընկած է Հունաստանի, ՌԴ-ի փորձը: «Որպես կանոն՝ տուգանքների մեծ մասը սահմանված ժամկետներում չի վճարվում, ներկայացվում է դատարան, և մեծ մասը կատարվում է հարկադիր ծառայությունում, ուստի պետք է հնարավորություն ստեղծել տուգանքները վճարելու համար: Նա վստահեցրեց, որ փոփոխության արդյունքում անկասկած կավելանա վճարվող տուգանքների թիվը, ինչպես նաև պետական ֆինանսները կխնայվեն:
Օրինագծի հաջորդ առաջարկը վերաբերում էր վարչական ակտերի վճարման 15–օրյա ժամկետին: Միհրան Պողոսյանը նշեց, որ իրավախախտումների դեպքում խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
Պողոսյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետևանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում:
«Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլևս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ»,- ասաց նա և նշեց, որ ուստի առաջարկում է վճարման 15–օրյա ժամկետը փոփոխել և դարձնել մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը: