«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլը» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
Մերսիսայդցիների համար սա 6-րդ անընդմեջ հաղթանակն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում։ Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ սեփական հարկի տակ 3-2 հաշվով տոնած հաղթանակը՝ Յուրգեն Կլոպի թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում հաղթանակների շարքը կազմում է 7 հանդիպում։
«Sky Sports»-ը հաղորդում է, որ նախկինում երբեք «Լիվերպուլին» չէր հաջողվել մրցաշրջանի մեկնարկում 7 անընդմեջ հաղթանակ տոնել։ Այսպիսով, Կլոպի թիմն ակումբային ռեկորդ է սահմանել։
Այժմ «Լիվերպուլը» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և գլխավորում է Չեմպիոնների լիգայի C խմբի մրցաշարային աղյուսակը։
«Կարմիրների» հաջորդ մրցակիցը «Չելսին» է․ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության շրջանակում «Լիվերպուլը» մրցելու է «Չելսիի» հետ։ Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 26-ին։