ԱԺ արտահերթ ընտրությունների 3 սցենար է հնարավոր, հավանական է, որ կիրառվի վրացական մոդելը. Արթուր Մարտիրոսյան
Հայաստանյան ներքաղաքական զարգացումներում հնարավոր է երեք սցենար: Tert.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց կոֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ պետք է խորհրդարանական ուժերի միջև արդեն սկսվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին բանակցությունները: Առաջինը, ըստ նրա, ուժայինն է՝ վրացական տարբերակով:
«Պատկերացնենք սցենարը․Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները ներխուժում են դահլիճ, դուրս են բերում բոլոր ղեկավարներին, և ասում են, որ խորհրդարանն այլևս ոչ լեգիտիմ է: Դա կլինի Սահմանադրության խախտում: Եվ դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանի թիմը, իհարկե, պետք է հաշվարկի ռիսկերը, տեսնի ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, ինչպես Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, այնպես էլ Ռուսաստանի»,- ասաց նա:
Երկրորդ տարբերակը, նրա պատկերացմամբ՝ հիբրիդային մոտեցումն է: «Որոշ պատգամավորների վերաբերյալ կլինեն ուժային մոտեցումներ, բայց կլինեն գաղտնի բանակցություններ՝ համոզելու հիմնականում Հանրապետական պատգամավորներին, որ քվեարկեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին»,- ասաց նա:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ երրորդ սցենարը զուտ բանակցային տարբերակն է՝ բանակցել բոլոր կողմերի հետ, բերել ինչ-որ կոնսենսուսի, համոզել, որ խորհրդարանական ընտրությունները հետաձգելը երկրի շահերից չի բխում և պետք է գտնել ինչ-որ լուծումներ:
«Ես կարող եմ ասել, որ երրորդ մոտեցումն ամենաճիշտն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա իրականացման հավանականության մասին կանխատեսումներ, այնուամենայնիվ, չի ցանկանում անել:
Կոնֆլիկտաբանը նկատեց, որ պետք է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանի թիմի նկատմամբ վստահությունը շատ մեծ է:
«Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին դա: Ես լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթները քարոզարշավի ժամանակ: Նա պարզապես ասում էր, որ եթե իր քաղաքական ուժին ձայներ չտան, հեղափոխությունը կարող է տապալվել: Ո՞վ կարող էր նման բան ցանկանալ: Պարզ էր, նա սրում էր իրավիճակը, և դրանով ավելանում էր ընտրողների թիվը: Բայց եթե մենք պատկերը լավ ենք հասկանում՝ Երևանը երկրի մեկ երրորդ մասն է, դրա իրավունք ունեցողների 43 տոկոսը մասնակցեց, որոնց 81 տոկոսն ընտրեց իրենց: Դա էլ է մեծ թիվ, բայց դա չի նշանակում, որ ամբողջ ժողովուրդն է»,- ասաց նա:
Դա, ըստ նրա, այնուամենայնիվ նշանակում է, որ վարչապետը բացի նրանից, որ ունի վստահություն իր ընտրազանգվածի կողմից, ունի նաև քաղաքական ուժ, որը կարող է օգտագործվել ուժերը մոբիլիզացնելու համար:
«Ամենայն հավանականությամբ կօգտագործվի երրորդ սցենարը՝ կմտնեն շենք, ինչպես արեց Սաակաշվիլին: Այնտեղ հեղափոխությունն այդպես սկսվեց: Մեզ մոտ ուրիշ կերպ սկսվեց, բայց դեռ շարունակվում է, կարող է նման կերպ վերջանալ»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանը մատնանշեց, որ շատերի կարծիքով, մինչև տարվա վերջ պետք է իրականացնել արտահերթ ընտրությունները, «Ընտրական օրենսգիրք» փոփոխել, բայց իր պատկերացմամբ, դա չի կարող լինել, քանի որ հաշվի է առնում, թե որ ուժերն են ներկայացված հիմա խորհրդարանում:
«Դրա համար եմ կարծում, որ վրացական մոդելը կլինի,- ասաց նա,- կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ հենց հիմա է պետք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել: Եվ 82 տոկոս ձայնը նրան այդ հարցում վստահություն արդեն տվել է»: