Գերմանիան կտրուկ կրճատել է զենքի՝ Թուրքիա արտահանման ծավալները
Գերմանիայից Թուրքիա սպառազինման արտահանման ծավալը Գերմանիայում մարտին նոր կառավարության կազմավորման պահից ի վեր կտրուկ կրճատվել է:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին հետևում է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության պատասխանից, որը տրվել է «կանաչներ» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետի հարցմանն ի պատասխան: Գերմանական պարբերականներն այդ փաստաթղթի վիճակագրական տվյալները հրապարակել են կիրակի:
Մարտի 14-ից մինչ օրս Թուրքիա սպառազինման մատակարարման համար ընդամենը 16 թույլտվություն է տրվել՝ ընդհանուր 916 902 եվրոյի ծավալով: Հունվարի մեկից մինչև մարտի 13-ը 34 նմանօրինակ թույլտվություն է տրվել՝ 9.7 մլն եվրո արժողությամբ: Իսկ ողջ 2017 թվականի ընթացքում 138 գործարք է կնքվել, որոնք Բեռլինին 34.2 մլն եվրո են բերել:
2016-ին Թուրքիան, որը նաև ՆԱՏՕ-ի կազմում Գերմանիայի գործընկերն է, ընդգրկվել է գերմանական զենքի հիմնական ներկրող երկրների 20-յակում: Զենքի ներկրումը գումարային առումով հավասարազոր է եղել 83.9 մլն եվրոյի: