Մարզպետը վրդովված է, քանի որ ուսումնասիրություններով ոչ մի քրեորեն պատժելի բան չի գտել. Քասախի գյուղապետը` չարաշահումներ իրականացնելու լուրերի մասին
Արագածոտնի մարզի Քասախ գյուղապետ Արայիկ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքի ընթացքում չարաշահումներ չեն եղել: «Մարզպետարանների ուսումնասիրությունների արդյունքը ներկայացված է շատ սուբյեկտիվ։ Մարզպետի անձնական կարծիքն է, թե չարաշահումներ են եղել, որը ոչ իրավական գնահատական է: Եթե ես չարաշահում իրականացրած լինեի, հիմա իմ աթոին չէի լինի 27 տարի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ մարզպետը պարզապես վրդովված է ուսումնասիրություններից, քանի որ ոչ մի քրեորեն պատժելի բան չի գտել:
Արայիկ Մկրտչյանը նշեց, որ չի հասկանում ինչ հիմքերով է մարզպետը իրեն մեղադրում չարաշահումների մեջ: «Ես կարող եմ ձեզ տրամադրել ստուգման արդյունքները, ամբողջական փաթեթը, որտեղ չարաշահումներ չկան, իսկ թերացումներ, բացթողումներ բոլոր տեղերում էլ պատահում է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս ամենի պատճառն իր`ՀՀԿ-ական լինելն է: Համայնքի ղեկավարն ու մարզպետը, յուրաքանչյուրն իր տեղում պետք է զարգացման խնդիրներ լուծեն։ «Կուսակցականությունն այստեղ հետին պլանում է։ Քասախում մենք բազմաթիվ մեծ ծրագրեր ենք արել, դրանք տեսանելի են։ Իսկ ի՞նչ հաջողություններ է արձանագրել մարզպետը»,-ասաց նա:
Նա նշեց, որ փորձ է արել մարզպետի հետ խոսել, բայց դա չի հաջողվել: «Մարզպետը միջնորդ է ուղարկել, որ ես քայլ անեմ, այսինքն՝ հրաժարականի դիմում ներկայացնեմ: Բանբերների միջոցով է շփվում համայնքապետի հետ, նրանց միջոցով էլ ասում, որ հրաժարական տամ»,-ասաց նա և նշեց, որ մարզպետն իր գործում հաջողելու համար պետք է երկխոսությամբ աշխատի համայնքների հետ։