Այժմ կա Հայաստան, որն այնքան մեծ հույսեր է ձևավորել շատ ու շատ հայերի մոտ. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիվանագիտական գործունեությունն ավարտելու առթիվ հրաժեշտի հանդիպմանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի հետ իրենց աշխատանքի գերակայություններն են՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում:
Դեսպանը նշեց, որ սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ո՛չ ինքը, ո՛չ Միացյալ Նահանգների դեսպանատունը չէին կանխատեսել ապրիլ-մայիսյան իրադարձությունները:
«Մարդիկ կարծում էին, որ Հայաստանում կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը, և այն թույլ է տալիս՝ կոռուպցիա լինի, վտանգում է ժողովրդավարությունը. փոփոխության այս հանրային պահանջն օդում էր, զգացվում էր: Մենք կարծում էինք, որ «Իմ քայլը» շարժումը կարող է փոփոխության գործակալ դառնալ։ Այժմ կա Հայաստան, որ այնքան մեծ հույսեր է ձևավորել շատ ու շատ հայերի մոտ: Նրանք, ովքեր ասում են, որ կա արտաքին ազդեցություն, նրանք ժխտում են հայ ժողովրդի ազատ կամքը»,- ասաց Միլսը։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենց է դիմել՝ աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարում: «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին, որպեսզի տեղական կայուն ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն իրավական համակարգում, արդարադատության համակարգում, որպեսզի տեսնեն Հայաստան, որտեղ չկա կոռուպցիա»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ իրենց մյուս գերակայությունը վերաբերում է բիզնես և առևտրային քաղաքականությանը, նպաստելու տնտեսական աճին Հայաստանում:
«Միացյալ Նահանգների դեսպանությունը աջակցել է տարբեր նախաձեռնությունների, և մենք օգնել ենք, որ հետագա գործակցության նոր հնարավորություններ լինեն տարբեր ոլորտներում: ԱՄՆ-ից կա հետաքրքրություն Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ։ Մենք ձգտում ենք խորացնել մեր երկկողմ համագործակցությունը Առևտրի և ներդրումների համաձայնագրի շրջանակում։ Այս համաձայնագրի օրինակը խոսում է մեր տնեսական հարաբերությունների ամրության մասին»,- ասաց դեսպանը։