Աշխարհի ամենաերկար չվերթում էկոնոմ-դասի տեղեր չեն լինի
Աշխարհի ամենաերկար չվերթը, որն իրականացնելու է Singapore Airlines ավիաընկերությունը, էկոնոմ դասի տեղեր չի ունենա:
Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ Սինգապուրը Նյու Յորքին միացնող ամենաերկար չվերթը կիրականացվի հոկտեմբերի 11-ին:
Այսպիսով ավիաընկերությունը կշրջանցի Qatar Airways-ին, որի Դոհա-Օքլենդ երթուղով չվերթը ներկա պահին ամենաերկարն է աշխարհում՝ 14 535 կմ տարածությամբ:
Սինգապուրյան ավիաընկերության չվերթի երկարությունը կկազմի 16 737 կմ: Այն կտևի 18 ժամ 45 րոպե:
Նախատեսվում է, որ չվերթը կիրականացվի Airbus A350-900 մակնիշի օդանավով: Կանոնավոր չվերթները այս երթուղով կսկսեն նոյեմբերից: