Խաշոգջիի սպանության վերաբերյալ սաուդյան վարկածը վստահության արժանի չէ. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի ներկայացրած վարկածը վստահության արժանի չէ, հաղորդում է RT հեռուստաալիքը:
Նշվում է, որ Մեյն այդ մասին ասել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին՝ նրա հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մեյը պնդել է, որ իրենց համար շարունակում է խիստ անհրաժեշտ մնալ իրավիճակի հստակ պարզաբանումը, քանի որ մինչ այս պահը ներկայացված պարզաբանումները վստահության արժանի չեն:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: