Samsung-ը 1,6 մլն դոլարի հայց է ներկայացրել Քսենյա Սոբչակի դեմ՝ iPhone X օգտագործելու համար
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը դատական հայց է ներկայացրել հայտնի ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ, որը Ռուսաստանում Samsung-ի պաշտոնական դեմքն է:
Ինչպես նշում է vz.ru-ն, 1,6 մլն դոլարի հայցը ներկայացվել է նրա համար, որ Սոբչակը, Samsung-ի պաշտոնական դեմքը լինելով հանդերձ, iPhone X է օգտագործում:
Ըստ պայմանագրի՝ Սոբչակը պետք է Samsung սմարթֆոն օգտագործի, սակայն հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ նրա մոտ iPhone X է նկատվել:
Թեև հաղորդավարուհին փորձել է գաջեթը քողարկել թղթի կտորով, այնուհանդերձ՝ շատերի սուր աչքից չի վրիպել Samsung-ի հակառակորդ ընկերության՝ Аpple-ի թանկարժեք հեռախոսը:
Հայտնի է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ն iPhone օգտագործելու համար դատի է տալիս իր գովազդային դեմքը համարվող հայտնիներին: