ՆԱՍԱ-ն հայտարարել է «Քեփլեր» տիեզերական հեռադիտակի առաքելության ավարտի մասին
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Հերցը հայտարարել է 2009 թվականին ուղեծիր հանված և էկզոմոլորակների որոնման համար նախատեսված «Քեփլեր» տիեզերական հեռադիտակի առաքելության ավարտի մասին, գրում է РИА Новости-ն:
«Մենք այսօր հայտարարում ենք, որ ՆԱՍԱ-ի «Քեփլեր» աստղադիտակը, որը նոր մոլորակներ էր «որսում», այլևս բավարար քանակությամբ վառելիք չունի: Սա անակնկալ չէր և նշանակում է տիեզերական սարքի աշխատանքի և դրա կողմից գիտական տվյաների հավաքման գործընթացի ավարտը», - հայտարարել է Հերցը:
Հերցի խոսքով՝ տիեզերական աստղադիտակի առաքելությունը տևել է ավելի քան 9 տարի և այժմ դրա աշխատանքն ավարտված է, սակայն սարքի միջոցով ստացված տվյալներն օգտակար կլինեն դեռ երկար տարիներ: