ԱՄՆ-ը 40 միլիոն դոլար է հատկացրել «օտարերկրյա ապատեղեկատվությա» դեմ պայքարի համար
ԱՄՆ-ում Գլոբալ փոխազդեցության կենտրոնը 40 միլիոն դոլար է հատկացրել՝ օտարերկրյա ապատեղեկատվության ու քարոզչության դեմ պայքարի համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն՝ ընդգծելով, որ այդ միջոցները հարկավոր են, մասնավորապես, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի տարածած ապատեղեկատվությունից ու քարոզչությունից պաշտպանվելու համար:
«Սեպտեմբերի վերջին Գլոբալ փոխազդեցության կենտրոնը 40 միլիոն է հատկացրել՝ օտար պետությունների կողմից տարածվող ապատեղեկատվության, քարոզչության դեմ պայքարի նախաձեռնությանն աջակցելու համար: Այս ֆինանսավորումը կաջակցի օտարալեզու լսարաններին ուղղված ռուսական, իրանական և չինական ապատեղեկատվության դեմ պայքարի տարբեր ջանքերին», - ասել է նա:
Պալադինոյի խոսքով՝ այս նախաձեռնությունը ենթադրում է «օտարերկրյա ապատեղեկատվության մասին վաղաժամ տեղեկացման համար» հատուկ սարքավորումների տեղադրում, ինչպես նաև տարածված ապատեղեկատվության վերլուծություն և տեղական լրատվամիջոցների հետ կապերի հաստատում՝ «ապատեղեկատվության լուսաբանման համար»: