«Լուսավոր Հայաստանը» կարող է չհաղթահարել անցողիկ շեմը. դաշինքով մասնակցության դեպքում խորհրդարան անցնելու շանսերն ավելին էին. Ա. Բաղդասարյան
Չեմ կարծում, որ ընտրություններին միայնակ մասնակցելու որոշումից հետո «Լուսավոր Հայաստան»-ի շանսերը՝ խորհրդարան անցնելու, ավելացան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք ԼՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի հաղթահարել 5 տոկոսանոց անցողիկ շեմը, քան «Լույս » դաշինքով 7 տոկոսի շեմը:
«Չեմ կարող այդ կուսակցությունների փոխարեն ասել` այդտեղ կային ամբիցիաների խնդիրներ, թե չկային: Բայց կարծում եմ՝ ԼՀԿ –ի և «Հանրապետության» շանսերը դաշինքով 7 տոկոս հաղթահարելու ավելին էին, քան ԼՀԿ-ի շանսը միայնակ հաղթահարել 5 տոկոսի շեմը: ԼՀԿ-ի համար շատ դժվար կլինի հայտնվել խորհրդարանում»,- շեշտեց նա:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով` այս կուսակցության համար դժվար է լինելու վարկանիշային ընտրակարգով մասնակցելը:
«Շատ դժվար կլինի ռեյտինգային ուժեղ թեկնածուներ գտնելը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ռեյտինգային թեկնածուներ ավելի շատ ունի և ավելի երևացող, հասարակության մեջ ճանաչում ունեցող դեմքերն ավելի շատ են: ԼՀԿ-ն միայն Լոռու մարզում է ուժեղ»,- շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Հանրապետություն» կուսակցության անդամները չեն բացառում, որ նոր դաշինք կձևավորվի, Արմեն Բաղդասարյանն ասաց.
«Ոչ միայն այս կուսակցությունը, այլև լիբերալ դաշտի այլ ուժեր էլ կփորձեն համախմբվել, ակտիվ մասնակցություն ունենալ, որովհետև միայնակ որևէ կուսակցություն չի կարող հաղթահարել 5 տոկոսը: Այսինքն՝ դաշինքով 7 տոկոս գուցե, բայց պայմանով, որ դա լինի իսկապես գաղափարական դաշինք, լուրջ աշխատանք տարվի: Շանսեր կան, և ժամանակ կա: Կարծում եմ, որ քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 4-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել ոչ թե «Լույս» դաշինքով, այլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։
Հայտարարությանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը` նշելով, որ կուսակցության մասնակցության ձևաչափն այս պահին քննարկվում է, չի բացառվում՝ նոր դաշինք ձևավորվի, ամեն դեպքում վստահ են, որ խորհրդարանում երկրորդ ուժն են լինելու: