Ամփոփիչ մրցաշար․ Անդերսոնը ջախջախել է Նիսիկորիին՝ զիջելով միայն 1 գեյմ
Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում մեկնարկել է խմբային փուլի երկրորդ տուրը։
Լեյտոն Հյուիթի անվան խմբում կայացել է Կևին Անդերսոն-Կեի Նիսիկորի հանդիպումը, որում հարավաֆրիկացի թենիսիստը ջախջախիչ հաղթանակ է տոնել։
1 ժամ 6 րոպե տևած խաղում Անդերսոնը հաղթել է 6-0, 6-1 հաշվով։ Անդերսոնի ակտիվում գրանցվել է 10 էյս, 5 բրեյք՝ 12 հնարավորից, իսկ Նիսիկորին թույլ է տվել 2 կրկնակի սխալ և չի իրացրել ոչ մի բրեյք-փոյնթ։
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Անդերսոնը հաղթել էր Դոմինիկ Տիմին՝ 6-3, 7-6 (12-10), իսկ Նիսիկորին առավելության էր հասել Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7-6 (7-4), 6-3։
Այսօր Հյուիթի անվան խմբում կայանալու է նաև Ռոջեր Ֆեդերեր-Դոմինիկ Տիմ հանդիպումը։
Ամփոփիչ մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 18-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը բուլղարացի Գրիգոր Դիմիտրովն է, ով նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին։