Ստամբուլի գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր
Թուրքիայում բացված Ստամբուլի գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի ու պատմության մասին գրքեր, այս մասին տեղեկանում ենք ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական կայքից:
Հայտնի է, որ ցուցահանդեսին ներկայացված հրատարակչատներից թուրքական «Իլեթիշիմ», «Բելգե», Ստամբուլի հայկական «Արաս» ու հունական «Իստոս» հրատարակչությունները ներկայացրել են հայկական թեմայով մի շարք գրքեր:
Թուրք հեղինակներից Իսմայիլ Արըքանի «Մեր թաղամասի հայերը», Բասքըն Օրանի «Մ.Կ. անունով երեխայի աքսորի հուշերը», Թաներ Աքչամի «Նաիմ փաշայի հիշողություններն ու Թալեաթ փաշայի հեռագրերը», Օմար Թուրանի և Գյուվեն Գյուրքան Օզթանի «Պետության ուղեղն ու 1915-ը» գրքերի կողքին ներկայացվել են նաև հայ ու օտարազգի հեղինակների՝ Հայկական հարցի թեմայով աշխատությունների թուրքերեն թարգմանությունները:
Հայտնի է, որ միջազգային ցուցահանդեսի հատուկ հյուրերից է Թուրքիայում հայտնի ժամանակակից հայ գրողներից Մկրտիչ Մարկոսյանը, որը ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել ընթերցողների հետ: