«Ես ուզում էի գնալ, բայց ինձ ասացին՝ ոչ». Թրամփն անդրադարձել է ամերիկացի զինվորների գերեզմանատուն չայցելելու սկանդալին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքին, երբ ինքը, պատճառ բերելով հորդառատ անձրևը, հրաժարվել էր այցելել Փարիզից ոչ հեռու գտնվող զինվորական գերեզմանատուն, որտեղ հանգչում է Առաջին աշխարհամարտում զոհված մոտ երկու հազար ամերիկացի զինծառայող:
Քանի որ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային լրատվամիջոցներում ու նախագահին դարձրել զանգվածային քննադատության թիրախ, Թրամփը որոշել է իր թվիթերյան էջում պարզաբանում տալ:
«Իմիջիայլոց ասեմ, որ նախագահական ուղղաթիռը եղանակային վատ պայմանների, զրոյական տեսանելիության պատճառով չէր կարող դեպի գերեզմանատուն թռչել: Այդ ժամանակ ես առաջարկեցի մեքենայով գնալ, սակայն գաղտնի ծառայությունն ասաց՝ ոչ. գերեզմանատունը չափազանց հեռու է օդանավակայանից, ու Փարիզի երթևեկությունը կաթվածահար կլիներ: Հաջորդ օրը ես այցելեցի մեկ այլ ամերիկյան զինվորական գերեզմանատուն, ու դա արեցի հորդառատ անձրևի պայմաններում, մինչդեռ կեղծ լրատվամիջոցներն այդ մասին քիչ գրեցին»,-նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփի պահվածքը քննադատվել էր բազմաթիվ լրատվամիջոցների, ինչպես նաև քաղաքական գործիչների, վետերանների միության կողմից: Թրամփի՝ գերեզմանատուն չայցելելու որոշումը կոշտ քննադատել էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, որն իր թվիթերյան էջում գրել էր. «Նրանք (զինվորները) զոհվել են դեմքով դեպի թշնամին կանգնած, իսկ այդ ոչ ադեկվատ, պաթետիկ Դոնալդ Թրամփը չի կարողացել նույնիսկ անտեսել անձրևն ու հարգանքի տուրք մատուցել նահատակներին»:
Մինչդեռ Ֆրանսիայի զինված ուժերի ծառայողները բանակի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել են լուսանկար, որով ծաղրել են անձրևից «վախեցած» ու դրա պատճառով «Բու Բելյո» զինվորական գերեզմանատուն չայցելած Դոնալդ Թրամփին:
Ֆրանսիայի բանակի էջում հրապարակվել է հորդառատ անձրևի պայմաններում առաջադրանքը կատարող զինվոր:
«Անձրևում է, բայց դա կարևոր չէ»,- գրված է եղել լուսանկարին կից: