Բակո Սահակյանը ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում քննարկել է Սփյուռքին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղևոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան
արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով կառույցի դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: