Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ Գռոզնիում մահապարտ կնոջ ինքնապայթեցման ետևում կանգնած է ԻՊ-ը
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության իշխանություններն օրերս երկրում ինքնապայթեցում իրականացրած մահապարտ կնոջը համարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ըստ Չեչնիայի տեղեկատվության, տպագրության ու արտաքին կապերի նախարար Ջամբուլատ Ումարովի՝ ԻՊ-ը ցանկացել է հարձակում նախաձեռնել երկրում լարվածություն ստեղծելու համար:
«Դա ԻՊ-ի ձեռագիրն է: Էլ ո՞վ է մեզ մոտ զբաղվում ինքնապայթեցմամբ: Նա ԻՊ-ականների հերթական զոմբիացված զոհն է», - ասել է նախարարը:
Նա վստահ է, որ կինն այստեղ է ուղարկված եղել հատուկ նպատակով՝ Չեչնիայում անկայունություն ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ օրերս Չեչնիայի մայրաքաղաք Գռոզնիում իրավապահների կողմից հետապնդման մեջ հայտնված մահապարտ ահաբեկիչ կինը մահացել էր ինքնապայթեցման ժամանակ: Այլ զոհեր չէին գրանցվել: