Վաշինգտոնում միշտ հասկացել են, որ Հայաստանը Իրանի դեմ երբևէ քայլ անել չի կարող. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ն ընկալում է, որ Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է և Հայաստանը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ ունենալ միայն մեկ բաց սահման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանը չի պատրաստվում վերանայել Իրանի հետ հարաբերությունները և պետք է հույս հայտնել, որ ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա սրան:
Միջազգայնագետը նշեց, որ Միացյալ Նահանգները փորձել են օժանդակել Հայաստանին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը ենթադրում էր նաև 3-րդ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, բայց չի հաջողել:
«Վաշինգտոնում միշտ հասկացել են, որ Հայաստանը Իրանի դեմ երբևէ քայլ անել չի կարող: Որքան էլ խորանան հայ-ամերիկյան հարաբերությունները դրանք չեն կարող փոխարինել հայ-իրանական հարաբերություններին: Իրանը մեր հարևանն է, այն սահմանն է, որը մեզ կապում է արտաքին աշխարհի հետ և ես չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները ստիպված լինեն ինչ-ինչ ճնշումների տակ փակել այն: Եթե ՀՀ առջև ընտրություն դրվի՝ ընտրել հայ-իրանական սահման, թե մեկ այլ բան, մենք կընտրենք հայ-իրանական սահմանը»,-նշեց Սուրեն Սարգսյանը:
Ըստ միջազգայնագետի՝ Հայաստանը կկարողանա մ իշարք ճնշումների դիմակայել, բայց շեշտեց, թե ԱՄՆ կողմից Հայաստանի վրա Իրանի հետ սահմանը փակելու խնդիր չի դրվի: