Բոլորն ուզում են երևալ, հանրության աչքի առաջ լինել. սոցիոլոգը՝ պատգամավորի թեկնածուների ֆեյսբուքյան արշավների մասին
Պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզարշավը սկսել են ֆեյսբուքից, որովհետև հեռուստատեսությամբ ու ռադիոյով քարոզչություն իրականացնելու պաշտոնական ժամկետները չեն մեկնարկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս նշեց, որ թեկնածուների մեծ մասն անծանոթ է հանրության լայն շրջանակներին, իսկ ֆեյսբուքը նրանց հնարավորություն է տալիս քիչ թե շատ երևալ:
«Եթե կես տարի առաջ արդեն հայտնի լիներ, որ ընտրությունները լինելու են այսինչ օրը, նրանք կես տարի առաջ կսկսեին քարոզչությունը սոցիալական ցանցերում, բայց քանի նոր է հայտնի դարձել, նախընտրական պայքարը սկսել է դրսևորվել մի քանի օրում: Բոլորը ուզում են երևալ, հանրության աչքի առաջ լինել»,- նշեց Ա. Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ ֆեյսբուքը չի ներկայացնում հանրության լայն մասսաները, այստեղ ներկայացված է հիմնականում երիտասարդությունը, որոնց ձայներն էլ փորձում են ստանալ թեկնածուները:
«Խեղդվողը ձեռքը փրփուրներից է քցում: 2012թ.-ի ընտրություններին ֆեյսբուքյան կայքը հարցում էր արել՝ ՀՀԿ-ին տվել էր 10 տոկոս, ՀԱԿ-ին՝ 30: Իրականում ՀՀԿ-ն հավաքեց 40: Պարզ է, որ 600 կարծիքի մեջ արված հարցումը իրական չէ: Սա փոքրաթիվ օգտատերերի կարծիք է, հանրության կարծիք չէ: Ֆեյսբուքից օգտվում են երիտասարդները: Մեծահասակները սկայպով խոսում են իրենց բարեկամների հետ կամ օգտագործում այն գործնական նպատակներով: Այնպես որ, այս թեկնածուները փորձում են ստանալ երիտասարդների ձայները»,- մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը: