Հայաստանում գյուղոլորտին տրամադրված գումարով էական ազդեցություն ապահովել հնարավոր չէ. Արթուր Խաչատրյան
ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ ցուցակի երրորդ հորիզոնականը ներկայացնող Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝, ասաց, որ անհրաժեշտ է ֆինանսավորումը ավելացնել և գումարները ավելի ճիշտ թիրախավորել:
«Հայաստանում առաջնային գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արտադրանքի շուրջ 15 տոկոսը, եթե դրան գումարում ենք գյուղատնտեսական վերամշակումը , ապա դառնում է ներքին համախառն արտադրանքի 25 տոկոսը, սակայն բյուջեից 0,75 տոկոսն է հատկացվում ոլորտին` 20 միլիոն դոլարի չափով, այնինչ Վրաստանում մոտ 150 միլիոն դոլար է այդ հատկացումը: Բնականաբար Հայաստանում տրամադրված այդքան գումարով էական ազդեցություն ապահովել հնարավոր չէ»,-ասաց նա:
Նախկին նախարարը նշեց, որ գյուղացիները հիմնականում դժգոհում էին ջրի խնդրից, առավելևս, որ ջրի կորուստները մեծ են, և արտադրանքի սպառման խնդրից: «Գյուղացիները բողոքում են, որ իրենց ապրանքը էժան է, իսկ քաղաքացիները բողոքում են, որ թանկ է, պետք է ենթակառուցվածքների հնարավորությունների ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենց ապրանքը վաճառել»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ պետությունը պետք է օժանդակի փոքր գյուղացիական տնտեսություններին, որ նրանց եկամտաբերությունը մեծանա: «Աջակցությունը պետք է տրամադրել ուղղակի արտադրողին և ոչ թե միջնորդին: Քայլեր պետք է ձեռնարկվեին, որ չմշակվող հողերը պակասեին, քանի որ վարելահողերի շուրջ 40 տոկոսը չի մշակվում, իսկ արոտավայրերի շուրջ 60 տոկոսը չի օգտագործվում»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, որ իր հեռանալուց հետո այս առաջնահերթությունները փոխված կլինեն:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի գրանցած անկմանը, երբ նա նախարար էր, ապա Արթուր Խաչատրյանն ասաց, որ զրոյական է համարում, որ այդ անկումը պայմանավորված է իր գործոնով: «Ինչ պետք է աներ նախարարը, երբ մայիսի 14-ին է աշխատանքի անցել, երբ ցանքերն արդեն արվել էին, ցորենը, կարտոֆիլը ցանվել էին, անասնագլխաքանակը 2018-ին շուրջ 10 տոկոսով պակասել էր, քանի որ 2017 թվականին եղանակը շատ վատ էր, խոտը թանկ էր»,-ասաց նա և նկատեց, որ հունիս-հուլիս ամիսներին շատ շոգ եղավ և բերքը նվազեց: