Այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը. Ն. Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը շարունակվում է (ուղիղ, թարմացվող)
13:08
Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը մեկնարկել է Նոր Նորքի 6-րդ զանգվածից արդեն հասել է Քանաքեռ- Զեյթուն: Փաշինյանի հորդորով երթի մասնակիցները ծափահարություններով ողջունում են իրենց հանդիպող քաղաքացիներին:
Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա երթով մենք ամփոփում ենք ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը, և այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միլիոնավոր հայերի մասնակցությամբ, այնպես էլ տնտեսական հեղափոխությանը մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի»:
«Ով հաղթած է, «սիգնալ» տա», «Կեցցե, հայ ժողովուրդը» վանկարկումներով քայլերթը շարունակվում է:
11:56
Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան քայլերթը: «Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- նշեց Փաշինյանը:
Նա լրագրողներին նաև հիշեցրեց, որ երեկ հորդորել էր, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ըստ միջազգային չափորոշիչների՝ ինքը վարչական ռեսուրսներ է չարաշահել, հրապարկել այդ չափորոշիչները:
«Եկեք հրապարկենք չափանիշները, տեսնենք, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ, անդրադառնալով ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է, Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն»,-նշել էր նա:
10:46
Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ:
Այս մասին համաերևանյան երթի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ըստ էության երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, և կարող են ասել, որ շարժման հարթակը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ըստ նրա՝ խոստացել էին, որ ժողովրդի կամքը կդառնա քաղաքական գործոն, և այդպես էլ եղավ:
«Մենք ձեզ խոստացանք, որ ՀՀ-ում արմատախիլ կարվի ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների ենթարկելու պրակտիկան և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ձեզ խոստացել էինք՝ ՀՀ-ում արմատախիլ կարվեն մենաշնորհները, և հիմա այսօր ՀՀ ոչ մի շուկայում չկա մուտքի որևէ խոչընդոտ, այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,-շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կատարել են կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու պարտավորությունը: Նա ընդգծեց՝ մարդկանց մանդատը ստանալու պարագայում իրենց կառավարությունը այդ պարտավորությունը կշարունակի լիարժեք կատարել, ապա ընդգծեց, որ խոստացել էին, որ ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, և այդ պարտավորությունն էլ են կատարել:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ խոստացել էին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և կատարել են: «ՀՀ-ում իշխանությունը լիարժեք վերադարձված է քաղաքացուն, ժողովրդին, և առաջիկա ընտրություններում չկա որևէ այլ ուժ, պարզապես գոյություն չունի, բացի ժողովրդից, ով իրավունք ունի և հնարավորություն ունի որոշելու, թե ով լինի պատգամավոր, ով լինի վարչապետ, ով լինի իշխանություն»,-ընդգծեց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: «Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,- նշեց Փաշինյանը:
9:59
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում: Երթը սկսվում է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից:
«Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Երթուղին հետևյալն է.
Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ: