RT հեռուստաալիքի աշխատակիցները վնասվածքներ են ստացել Փարիզում անցկացվող բողոքի ցույցերը լուսաբանելիս (տեսանյութ)
«Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրության աշխատակիցները թեթև վնասվածքներ են ստացել Փարիզում ընթացող զանգվածային ցույցերը լուսաբանելիս: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«RT France-ի օպերատորը գլխի ոչ մեծ վնասվածք է ստացել, թղթակիցներից մեկն այրվածքներ է ստացել, մեկ այլ աշխատակցի վրա քար է նետվել, սակայն մենք շարունակում ենք ուղիղ եթերով ռեպորտաժ վարել», - գրել է Սիմոնյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Հեռուստաալիքի կայքում հաղորդվում է, որ ոստիկանների կողմից ցուցարարներին արցունքաբեր գազի միջոցով ցրելու ժամանակ RT France-ի նկարահանող խմբերից երկուսի թղթակիցները վնասվածքներ են ստացել:
Ինչպես նշվում է, այսօր զանգվածային ցույցերին ողջ երկրով մեկ շուրջ 81 000 մարդ է մասնակցել, 30-ին ձերբակալել են:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փորձում էին անցնել Ելիսեյան դաշտերի ցանկապատից դեպի նախագահական նստավայր:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է վառելիքի գների բարձրացման դեմ ֆրանսիացիների զանգվածային բողոքի երկրորդ ալիքը: «Դեղին բաճկոններ» անվանումն ստացած շարժման մասնակիցներն ակցիաներ են իրականացրել նաև նոյեմբերի 17-ին:
Տեսանյութը՝ այստեղ: