Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է ելույթ ունենալ Ռուսաստանում՝ ուկրաինացի արմատականների պատճառով
Երգչուհի Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է ելույթ ունենալ Ռուսաստանում «Տարվա երգը» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ Ուկրաինայում հայտարարված ռազմական դրության պատճառով: Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-ն՝ համերգի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրներին հղումով:
71-ամյա երգչուհին նման որոշում է կայացրել, որպեսզի էլ ավելի չսրի իրավիճակն ու չհրահրի հայրենակիցների դժգոհությունը: Պարբերականի տվյալներով՝ իր այս որոշման մասին Ռոտարուն կազմակերպիչներին հայտնել է այն օրը, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրում ռազմական դրություն է մտցրել: Բացի այդ, երգչուհին նաև չեղարկել է բոլոր կորպորատիվ միջոցառումները:
Նշվում է, որ Ռոտարուն, որն Ուկրաինայի քաղաքացի է, ռուսական այս մրցանակաբաշխությանը մասնակցել է 43 անգամ: Երգչուհին չեր հրաժարվում ելույթ ունենալ Ռուսաստանում անգամ 2014 թվականին, երբ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները լրջորեն սրվեցին Ղրիմի պատճառով: