Հայտնի է՝ որոնք են Ավստրալիայի ամենավտանգավոր կենդանիները
Ավստրալիայում բնակվում են բազմաթիվ վտանգավոր կենդանիներ, սակայն նրանց հանդիպելու դեպքում մարդիկ շատ ավելի հազվադեպ են մահանում, քան առաջին հայացքից անվնաս թվացող կենդանիների հետ շփման հետևանքով, հաղորդում է ABC-ն:
Վիճակագրական տվյալներով՝ 2008-2017 թվականներին մարդիկ առավել հաճախ մահացել են ձիերի, կովերի և որպես փոխադրամիջոց օգտագործվող այլ կենդանիների հետ շփման հետևանքով: Տվյալ ժամանակահատվածում Ավստրալիայում այդ կենդանիների հետ շփման հետևանքով մահացել է 77 մարդ, մինչդեռ այլ կաթնասունների հետ շփման հետևանքով՝ 60 մարդ:
Դիտարկվող ժամանակահատվածում մեղուները, կրետներն ու ձիաբոռերը դարձել են 27 մարդու մահվան պատճառ, շնաձկներն ու ծովային այլ կենդանիները՝ 26, իսկ օձերն ու մողեսները 23 մարդու մահվան պատճառ:
22 մարդու մահվան պատճառ են դարձել շները, 17-ին սպանել են կոկորդիլոսները, իսկ 8 մարդ մահացել է թունավոր միջատների խայթելու հետևանքով: Բացի այդ, 4 մարդու մահվան պատճառ են դարձել անհայտ միջատներն ու սարդերը, ևս մեկին սպանել են առնետները: