Passport Index-ը հայտնել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագիրն ունեցող երկրի անունը
Passport Index պորտալը նոր վարկանիշային աղյուսակ է ստեղծել՝ հայտնելով աշխարհի «ամենաուժեղ» անձնագրով երկրի անունը: Պարզվում է, որ իրենց անձնագրերով առանց վիզայի ամենից շատ երկրներ ճամփորդելու հնարավորություն ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները:
Հայտնի է, որ ԱՄԷ-ի անձնագրով հնարավոր է ազատ ճամփորդել 167 պետություն:
«Աշխարհը բացում է իր դռները ԱՄԷ-ի ժողովրդի առաջ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է երկրի փոխնախագահ ու վարչապետ, Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակթումը:
Երկրորդ տեղում է սինգապուրյան անձնագիրը. Սինգապուրի քաղաքացիները կարող են առանց վիզայի մասին մտահոգվելու ուղևորվել 166 երկիր:
ԱՄԷ-ին ու Սինգապուրին հաջորդել են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:
Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 199 երկիր: