Բավականին թանկ քարոզարշավ է, իշխանությունը և մի քանի այլ ուժեր աննախադեպ քանակի պաստառներ են օգտագործում. Արամ Սարգսյան
Երկրորդ տեղի համար պայքարում են բոլորը, ես պայքարում եմ հաղթանակի համար, բայց հաղթանակ չի նշանակում, որ գնալու եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքից խլեմ վարչապետի պաշտոնը: Ես հաղթել ասելով նկատի ունեմ, որ պիտի Ազգային ժողով մտնենք այնպիսի թիմով, որ հանրությունն ասի՝ «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանք «Մենք» դաշինքն է:
Այս մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախքան քարոզարշավը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում պաստառների ու գովազդային նյութերի աննախադեպ քանակ է նկատել իշխանությունների և մի քանի այլ ուժերի կողմից: «Այս քարոզարշավը բավականին թանկ է, մտածո՞ւմ ես՝ որտեղից: Պաստառների քանակով միանշանակ պակաս չեն նախկին իշխանություններից»,-նշեց նա:
Ըստ Արամ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն այնպես է անում, որ ցույց տա, որ քարոզարշավին մասնակցում են միայն իրենք և «Իմ քայլը», որպեսզի գործող իշխանություններից դժգոհող ձայները տանի իրեն:
Ապա քարոզարշավի ժամանակ դիմելով աբովյանցիներին՝ նա նշեց, որ խնդիրները շատ են՝ սոցիալական, առողջապահական, աշխատատեղերի բացակայության և այլն: Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ռուսաստանը զինում են Ադրբեջանին, որով նրանք սպառնում են մեր զինվորներին: Այս պարագայում, ըստ Արամ Սարգսյանի, պետք է վերանայել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: