Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հրաժարվել է ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացրած հայցից
ՀՀ գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանով Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել և նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում:
Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով Վահագն Մուրադյանը հայց է ներկայացրել դատարան, որով վիճարկում է հրամանի իրավաչափությունը: Այժմ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցվորը դիմելով դատարան խնդրել էր անվավեր ճանաչել իրեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրելու և ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանը:
Դատարանը 30.08.2018թ. որոշմամբ ձեռնարկել է հայցի ապահովման միջոց, որով արգելել է ՀՀ գլխավոր դատախազությանը թիվ 286-Ա հրամանի կատարմանն ուղղված գործողությունների կատարումը, այն է՝ կասեցրել է վիճարկվող հրամանի գործողությունը:
Այդ հիմքով հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ:
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի մատնանշման հրաժարվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից»: