Բրիտանական ընկերությունները Brexit-ի պատճառով 800 մլրդ ֆունտ արժողությամբ ակտիվներ են տեղափոխել ԵՄ
Բրիտանական բանկերը և ֆինանսական ընկերությունները Brexit-ի շուրջ աճող անորոշության պատճառով Եվրոպա են տեղափոխել ավելի քան 800 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ակտիվներ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է EY խորհրդատվական ընկերության հաշվետվությունում:
Ելնելով բրիտանական ֆինանսական հատվածի 222 ընկերության շրջանում անցկացված հարցումից՝ պարզ է դարձել, որ շուկայի մասնակիցներից հարցվածների 36 տոկոսն արդեն տեղափոխել է կամ դիտարկում է բիզնեսի տեղափոխումը մայրցամաքային Եվրոպա: Միևնույն ժամանակ նշվում է, որ ցանկում գերիշխում են բանկերը, ներդրումային բանկերը և բրոքերները:
Ֆինանսական ընկերություններն արդեն շուրջ 2000 նոր աշխատատեղ են ստեղծել ԵՄ տարածքում: Ի դեպ, նախապատվությունը տրվել է այնպիսի քաղաքներին, ինչպիսիք են Դուբլինը, Լյուքսեմբուրգը, Ֆրանկֆուրտը և Փարիզը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածի ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 8 տրիլիոն ֆունտ ստերլինգ:
EY-ի ֆինանսական գծով ղեկավար Օմար Ալիի խոսքով՝ ֆինանսական շուկայի մասնակիցները պատրաստվում են Brexit-ն «առանց գործարքի» սցենարին, որը վատագույն տարբերակն է ողջ բիզնեսի համար: