Քրդերի դեմ թուրքական ԶՈւ-ի նոր ռազմական գործողությունը կարող է դառնալ ամենախոշորը երկրի պատմության մեջ. «Յենի Շաֆաք»
Եթե թուրքական ԶՈւ-ն ի վերջո ռազմական գործողություն ձեռնարկի քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում, դա կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական գործողությունը, այս մասին գրել է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ այս ռազմական գործողությունը կարող է է՛լ ավելի խոշոր լինել անգամ Կիպրոսի գործողությունից, որին մասնակցել էր 40 000 թուրք զինվորական: Այս անգամ Սիրիա ներխուժման է պատրաստվում 80 000 զինվոր:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ նախորդ երկու ռազմական գործողություններում ներգրավված են եղել թուրքական ԶՈւ-ի 8000 և 6.500 զինվորական:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թրամփի սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Իսկ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ի պատասխան Թրամփի սպառնալիքներին հայտարարել էր, որ Թուրքիան չի վախենում սպառնալիքներից: