Պրահայում գիշերային քաղաքապետ է ընտրվել
Պրահայի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել քաղաքապետարանին կից քաղաքի գիշերային կյանքի զարգացման հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման և գիշերային քաղաքապետի նշանակման նախագիծը:
Ինչպես հաղորդում է euro-pulse.ru-ն, քաղաքի առաջին գիշերային քաղաքապետ է նշանակվել Պրահա 1 շրջանում գործող մշակութային կենտրոնի ղեկավար Յան Շտերնը, իսկ հանձնաժողովի անդամներն են դարձել ոստիկանության և Պրահա 1-ի վարչակազմի ներկայացուցիչները:
Գիշերային քաղաքապետի գլխավոր առաքելությունը քաղաքի գիշերային կյանքի զարգացման ճիշտ ռազմավարության մշակումն է: Սակայն առաջին հերթին նորընտիր քաղաքապետը պատրաստվում է հարթել գիշերային հաստատությունների այցելուների և շարքային բնակիչների միջև ծագած բոլոր խնդիրները: Բանն այն է, որ վերջին տարիներին Պրահան դարձել է ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը, սակայն զբոսաշրջիկների բազմությունը հաճախ անհանգստություններ է պատճառում տեղի բնակիչներին: