Վենեսուելայի կառավարությունից հայտարարել են, որ պատրաստվում են վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ
Վենեսուելան կվերանայի Եվրամիության անդամ մի շարք երկրների հետ իր հարաբերությունները, այս մասին հայտարարել են Վենեսուելայի կառավարությունից՝ մեկնաբանելով ԵՄ անդամ բազմաթիվ երկրների՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին երկրի նախագահ ճանաչելու որոշումը, գրում է Reuters-ը:
Տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Կարակասը վճռական կերպով մերժում է եվրոպական մի շարք երկրների նման որոշումը: Ըստ Վենեսուելայի գործող իշխանությունների՝ նման կերպով ԵՄ-ն ենթարկվում է ԱՄՆ որդեգրած ռազմավարությանը, որով նրանք փորձում են տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական իշխանությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ծավալվում:
ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյի ժամանակավոր իշխանությունը երկրի նախագահի պաշտոնում, մինչդեռ Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ Մադուրոյին համարում են երկրի օրինական, ժողովրդավարական կարգով ընտրված նախագահ: