Մադուրոն հայտարարել է, որ վենեսուելացիներին անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները կարտադրվեն Վենեսուելայում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրն ինքնուրույն կարտադրի բոլոր այն դեղամիջոցները, որոնց կարիքն ունի Վենեսուելայի ժողովուրդը:
«Մենք կվերականգնենք ու կբարելավենք դեղագործական ոլորտի ամբողջ արտադրական ներուժը: 2019 թվականին մենք մեր առջև նպատակ ենք դրել արտադրել երկրում անհրաժեշտ դեղորայքի 100%-ը», - գրել է Մադուրոն իր թվիթերյան էջում:
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին պետության ղեկավարը հայտարարել էր, որ վենեսուելացիների համար դեղորայք գնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին, քանի որ ամերիկյան պատժամիջոցները թույլ չեն տալիս անել դա:
Հիշեցնենք նաև, որ վերջին տարիներում Վենեսուելայում լուրջ ճգնաժամ է, ինչի հետևանքով միլիոնավոր քաղաքացիներ լքել են երկիրը: Սննդամթերքի ու դեղորայքի պակասն առաջացնում է բնակչության դժգոհությունը, սակայն իշխանությունները չեն ընդունում երկրում ճգնաժամի գոյության փաստը: