Գուաիդոն հայտարարել է, որ աշխարհի 60 երկիր ճանաչել է իրեն որպես երկրի ժամանակավոր նախագահ
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ աշխարհի 60 երկիր ճանաչել է իր ձևավորած կառավարությունը:
«Նրանք, ովքեր բռնազավթել են իշխանությունը, կարծում են, որ մեզ կհաղթեն, բայց այսօր արդեն 60 երկիր ընդունել է մեր ժողովրդավարական պայքարը, և ամեն օր մեկ երկիր մեզ ճանաչում է»,- ասել է Գուաիդոն` ելույթ ունենալով Կարակասում` իր կողմնակիցների առջև, հաղորդում է РИА Новости-ն:
Ընդդիմության առաջնորդը նշել է, որ շարունակելու է դեսպաններ նշանակել այլ երկրներում և ջանքեր է գործադրելու` Վենեսուելայի արտասահմանյան ակտիվները փրկելու նպատակով: «Նրանք չեն կարող այլևս գողանալ Վենեսուելայի փողերը»,- ընդգծել է Գուաիդոն:
Նա նաև ասել է, որ իր կառավարությանը չեն վախեցնում այս օրերին երկրում անցկացվող մեծամասշտաբ ռազմական զորավարժությունները: «Երբ հասարակության 90 տոկոսը փոփոխություն է ուզում, չկա մեկը, ով կարող է կանգնեցնել մեզ»,- եզրափակել է ընդդիմության առաջնորդը: